Հայ-իրանական տնտեսական կապեր
Երկօրյա աշխատանքային այցով ապրիլի 18-20-ը Իրանի Իսլամական Հանրապետությունում էր ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի պատվիրակությունը՝ Պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանի գլխավորությամբ:
Հայաստանյան պատվիրակությունը ապրիլի 19-ին Ջուլֆա քաղաքում հանդիպում է ունեցել «Արազ» ազատ տնտեսական գոտու ղեկավարության և գործարարների հետ:
Հայաստանում համանման կազմակերպություն հիմնելու գործում հայ գործարարներին օգնելու պատրաստակամության մասին է խոսել «Արազ» ազատ տնտեսական գոտու նախագահ Մոշե Ղադեմ Արաբ-Բաղին:
Պարոն Անդրանիկ Ալեքսանյանը նշել է, որ Հայաստանում ստեղծվելիք ազատ տնտեսական գոտում իրանցի գործարարներին կհատկացվեն տարածքներ և միջոցներ՝ ինչպես որ նույնը արվելու է իրանական կողմում:
B2B ձևաչափով հայ գործարարները հանդիպումներ ու զրույցներ են ունեցել իրանցի գործարարների հետ, ստացել անհրաժեշտ տեղեկություններ, ծանոթացել ազատ տնտեսական գոտու հնարավորություններին ու պայմաններին: