Կրթություն և ուսուցում

Մասնագիտական կրթության և ուսուցման համակարգը ազատ շուկայական տնտեսության կարևոր բաղադրիչն է:Հետևաբար, տնտեսության զարգացումները պետք է լիարժեք արտացոլում գտնեն մասնագիտական կրթության վրա: Հիմք ընդունելով այն, որ, տնտեսության հիմնական շարժիչ ուժը գործարար աշխարհն է,ՀՀ առևտրաարդյունաբերական պալատն իր գործունեության առաջնային ուղղություններից է նախանշել մասնակցությունը մասնագիտական կրթության և ուսուցման համակարգի կայացմանը: Այսօր Հայաստանի Հանրապետությունում մասնագիտական կրթության և գործարարության՝ բիզնեսի միջև անհրաժեշտ է զարգացնել գիտելիքի շրջանառությունը, որը նախապայման կդառնա մի կողմից մասնագիտական կրթության որակի բարձրացմանն ու գործարարության զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծմանը, մյուս կողմից՝ աշխատուժի ձևավորմանը: Գիտելիքի շրջանառությունը կարող է նաև բիզնեսին հաղորդել հստակ առավելություններ՝ ինովացիոն նախաձեռնությունների ներդրման միջոցով: Այս սկզբունքը կենսագործելի է, եթե կրթությունը և բիզնեսն աշխատեն միասին, ինչպես որ ցույց է տալիս աշխարհի առաջավոր փորձը: Երկրում ձևավորված գործարար միջավայրն, ընդհանուր առմամբ, դրական միտում ունի: Ինչպես ամբողջ աշխարհում, Հայաստանում ևս գիտակցում են, որ մասնավոր հատվածը կարևոր գրավական է երկրի արդեն կայուն տնտեսության պահպանման և շարունակական աճին նպաստելու, նոր աշխատատեղերի ստեղծման, ինքնազբաղվածության խրախուսման, գյուղական համայնքների բարգավաճման, ինովացիոն համակարգերի զարգացման գործում: Մասնագիտական կրթության համակարգում սոցիալական գործընկերության հաստատումն ու զարգացումը կարող է շատ հարցերի լուծում տալ: Ուստի, վերջին տարիների իրականացվող, հատկապես, միջին մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) համակարգի բարեփոխումների շրջանակներում հանրապետական, տեղական և ճյուղային մակարդակներում գործարար/գործատուների ներգրավման համար ստեղծվեցին լայն հնարավորություններ: Մասնավորապես, 2008թ. ՀՀ Վարչապետի որոշմամբ ստեղծվեց ՄԿՈՒ զարգացման ազգային խորհուրդ` սոցիալական գործընկերների ներկայացուցիչների ներգրավմամբ, քոլեջների կառավարման խորհուրդներում և 24 մասնագիտության պետական կրթական չափորոշիչների մշակման աշխատանքներում ներկայացվեցին ըստ ոլորտների գործատու/ գործարարներ, ստեղծվեցին ոլորտային հանձնաժողովներ: Այնուհետև, 2009թ. ՀՀ կառավարության արձանագրային որոշմամբ հաստատվեց ՙՀայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ոլորտում սոցիալական գործընկերության հայեցակարգը՚, որը նպատակ ունի նպաստել եռակողմ համաձայնության ձևավորմանը և սոցիալական գործընկերության ինստիտուցիոնալացմանը: 2009-ի ձեռքբերումների շարքում առանձնակի ուշադրության է արժանի նաև ՀՀ կրթության և գիտության նախարարության, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի և Հայաստանի գործատուների հանրապետական միության միջև ստորագրված մասնագիտական կրթության ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիրը: Նշված բոլոր գործընթացներում ՀՀ առևտրաարդյունաբերական պալատն ունի իր լուրջ մասնակցությունը, թե ռազմավարական նախաձեռնությունների մշակման և թե միջոցառումների իրականացման գործում: Ի վերջո, մասնագիտական կրթության մեջ գործարարների մասնակցության հիմքում կարևորվում է կրթության և ուսուցման որակի բարձրացումը, աշխատաշուկայի համար մրցունակ կադրերի պատրաստումը, շրջանավարտների զբաղվածության ապահովումը և փոխկապակցված բազում խնդիրների լուծումը: