«Շինարարություն և ինտերյեր 2022» ցուցահանդեսը մեկնարկեց
«Երևան էքսպո» ցուցահանդեսային համալիրում մայիսի 13-ին մեկնարկեց ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախաձեռնած և ավանդաբար գործող «Շինարարություն և ինտերյեր» միջազգային մասնագիտացված 14-րդ ցուցահանդեսը: ՀՀ ԱԱՊ նախագահ մարտին Սարգսյանի ողջույնի ուղերձում ներկայացված են կարևորագույն այդ միջոցառման և հայ գործարարի այսօրվա ու վաղվա անելիքները՝ «Քաղաքարթության հարաճուն պահանջները թեև ժամանակի հետ փոխվում են, բայց միշտ անփոփոխ է մնում մեր ժողովրդի կառուցելու և երկիրը շենացնելու գենետիկ հատկությունը: Աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային մերօրյա մարտահրավերների հաղթահարման գործում առավել կարևորվում է կառուցելը, մեր երկրի շինինդուստրիայի նորացումն ու վերազինումը, համաշխարհային առաջավոր փորձի կիրառումը»:
Ցուցահանդեսի բացմանը գործում էր ինտերնետային ուղիղ տեսակապ Չինաստանի գործարարների հետ, որի ժամանակ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը գոհունակությամբ ողջունեց չինացի գործարարների հետքրքրությունը հայկական բիզնեսի նկատմամբ և պատրաստակամություն հայտնեց աջակցելու համատեղ ծրագրերի իրականացման գործում:
Ցուցահանդեսին մասնակցում են 150-ից ավելի կազմակերպություն Հայաստանից, Ռուսաստանի Դաշնությունից, Գերմանիայից, Վրաստանից, Իրանից, Իտալիայից և այլ երկրներից, որոնք ներկայացնում են սեփական նվաճումներն ու համագործակցության հնարավորությունները: Ցուցահանդեսի նպատակն է ծանոթանալ ոլորտի արդի տեխնոլոգիաներին, ստեղծել նոր գործարար կապեր և փոխշահավետ համագործակցել:
Բազմազան են ցուցահանդեսի թեմատիկ բաժինները՝ շինարարական գործիքներ և տեխնիկա, ներքին հարդարման շինպարագաներ, տեխնոլոգիաներ, արևային համակարգեր, կենցաղային և սանտեխնիկա, ներկանյութեր, անվտանգության համակարգեր, բեռնափոխադրում, ջեռուցման և ջրամատակարարման համակարգեր և այն ամենը, ինչը պատշաճում է մերօրյա պահանջներին:
Ցուցահանդեսը աշխատանքը կավարտի մայիսի 15-ին: