Հայաստանում բացվեց ՌԴ Ռյազանի մարզի ցուցասրահը
Փետրվարի 28-ին Երևանի «Meridian expo» կենտրոնում բացվեց ՌԴ Ռյազանի մարզի ապրանքների և ծառայությունների ցուցահանդեսը, որը իրականացվել է մարզի Կառավարության աջակցությամբ՝ Ռյազանի և Հայաստանի գործարարների միջև համագործակցության ձևաչափերն ու ծավալները ընդլայնելու, փոխադարձ կայուն առևտրային հարաբերություններ ստեղծելու նպատակով։ Ծրագրի համակազմակերպիչներն են ՀՀ առևտրաարդյունաբերական պալատն ու «Իվենտսենտր» ընկերությունը։ Ռյազանի փոխմարզպետ Արտյոմ Նիկիտինը նշեց, որ մարզի 62 ընկերությունները ներկայացրել են շուրջ 700 տեսակի արտադրանք, որոնք ցուցասրահում մնալու են երկու ամիս։ Պատվիրակության 16 անդամները մնալու են Երևանում և բազմաթիվ հանդիպումներով լիարժեք ներկայացնելու են ողջ տեսականին։ Պարոն Նիկիտինը հույս հայտնեց, որ երկու ամիս անց արդյունքներն ամփոփելիս ականատես կլինենք համագործակցության փոխշահավետ ծրագրերի։ «Մենք կամենում ենք առաջիկայում համագործակցության հուշագիր ստորագրել և պատասխան այց կատարել Ռյազանի մարզ»,- ողջույնի խոսքում ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը։ Հայաստանում ՌԴ առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն կարևորեց այս ցուցասրահի կարևորությունը որպես բիզնեսի զարգացման կարևոր ելակետային քայլ, որը պետք է շարունակական լինի։ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը պատրաստակամություն հայտնեց, որ Պալատը իր համակարգով աջակցելու է այս և մյուս ձեռնարկումներին։ Ռյազանի մարզը ունի շուրջ 1 միլիոն 100 հազար բնակիչ, զարգացած ենթակառուցվածքներ, բեռնափոխադրումային ակտիվ ուղիներ և հանգույցներ, զարգացած տնտեսություն, ինչի շնորհիվ հայաստանցի գործարարները համատեղ ծրագրեր իրականացնելու լուրջ նախադրյալներ ունեն սննդի և թեթև արդյունաբերության, գյուղատնտեսության, շինանյութերի, առողջապահության, SS մշակումների, գործիքաշինության և այլ ոլորտներում։ Ցուցասրահի տարածքում գործում են b2b բանակցություններ վարելու հարթակներ, նախատեսված է անցկացնել տեսակոնֆերանսներ Ռյազանի արտադրողների հետ։ Ծրագրի ողջ ընթացքում Երևանում կաշխատեն Ռյազանի արտահանման կենտրոնի խորհրդատուները, կիրականացնեն բազմապրոֆիլային գործնական հանդիպումներ և ոլորտային ինտերակտիվ շնորհանդեսներ։