ՀԱՅ-ԿԻՊՐԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱՊԵՐ

29/04/2024

Ապրիլի 26-ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը ընդունեց Կիպրոսի առևտրաարդյունաբերական պալատի գլխավոր տնօրեն Մարիոս Չակիսին։ Հյուրը նախ ներկայացրեց իրենց կառույցի գործառույթները։ Պալատը սերտորեն գործակցում է 170 բիզնես ասոցիացիաների հետ, ընդհանրացնում է գործարարության խնդիրները և ներկայացնում կառավարությանը։ «Կիպրոսում ապրում է ընդամենը 1 միլիոն մարդ, Հայաստանից էլ քիչ, բայց ունենք հայկական ուժեղ համայնք, որը հրաշալի կամուրջ կարող է լինել հայ-կիպրական բիզնեսը ակտիվացնելու գործում։ Կիպրոսում համախառն ներքին արդյունքի գրեթե 80 տոկոսը ապահովում են ծառայությունները, բայց միաժամանակ առանձին արտադրատեսակներ արտահանում ենք աշխարհի շատ երկրներ,-նշեց կիպրոսցի հյուրը։ -Զարգացած է հատկապես տուրիզմը։ Գիտենք, որ Հայաստանում տուրիզմի ոլորտում աչքի է ընկնում մասնավորապես բժշկական տուրիզմը, որի ուղղությամբ սիրով կհամագործակցենք։ Ցանկանում ենք գործակցել նաև ծրագրավորման ոլորտում և պատրաստ ենք գրասենյակներ տրամադրել հայաստանցի մասնագետների համար։ Մտադրություն կա Հայաստանում բացելու Կիպրոսի դեսպանություն»։

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը որպես առաջնային քայլ կարևորեց համագործակցության առկա հնարավորությունների ճիշտ գնահատումը և ինֆորմացիայի փոխանակումը հեռահաղորդակցության և հատկապես անմիջական շփումների միջոցով։ «Մենք պատրաստ ենք գործարար պատվիրակությամբ, նախապես կազմած ծրագրերով և արտադրանքների ցուցադրական նմուշներով, այցելել Կիպրոս և կոնկրետ խնդիրներ քննարկել։ Շահեկան կլինի Կիպրոսում ստեղծել արտահանման հայկական կոնսորցիում, որը կնպաստի երկու երկրներին երրորդ երկիր դուրս գալու գործին»,- նշեց պարոն Անդրանիկ Ալեքսանյանը։

Կիպրոսի առևտրաարդյունաբերական պալատի գլխավոր տնօրեն Մարիոս Չակիսին առաջարկեց մասնակցել Կիպրոսում առաջիկա մայիսին կայանալիք աշխարհի բազմաթիվ երկրներից ժամանող 8000 գործարարների մեծ համաժողովին։

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը և Կիպրոսի առևտրաարդյունաբերական պալատի գլխավոր տնօրեն Մարիոս Չակիսին ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր։