ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

Պատմական ակնարկ

Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատը ձևավորվել է 2002թ. ապրիլին, «Առևտրաարդյունաբերական պալատների մասին» ՀՀ օրենքի հիման վրա։ Նշված օրենքով Հայաստանում առաջին անգամ սահմանվել է կազակերպա–իրավական նոր ձև՝ առևտրաարդյունաբերական պալատ, որով հստակ կանոնակարգվել է Հայաստանում առևտրաարդյունաբերական պալատների համակարգի գործունեությունը:Առևտրաարդյունաբերական պալատների համակարգը ներառում է Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատը, Երևան քաղաքի և մարզերի առևտրաարդյունաբերական պալատները, ինչպես նաև ՀՀ ԱԱՊ կողմից հիմնադրած մի շարք կազմակերպություններ:Երևան քաղաքի և մարզային պալատները ՀՀ օրենքով սահմանված կարգով միավորվել և ստեղծել են իրենց ընդհանրական շահերը ներկայացնող ՀՀ ԱԱՊ:Այն համակարգում է Երևան քաղաքի և մարզային պալատների գործունեությունը, ներկայացնում է Պալատների համակարգը ինչպես մեր երկրում, այնպես էլ արտասահմանում:

Լինելով շահույթ ստանալու նպատակ չհետապնդող ոչ առևտրային կազմակերպություն՝ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը (ՀՀ ԱԱՊ) ներկայացնում է փոքր, միջին և խոշոր ձեռնարկատիրության շահերը, որոնց գործունեության շրջանակները ներառում են գործարարության բոլոր ոլորտները՝ արդյունաբերություն, ներքին և արտաքին առևտուր, գյուղատնտեսություն, ֆինանսական համակարգ և այլ ուղղություններ:

ՀՀ ԱԱՊ կազմավորումից հետո անցած ժամանակաշրջանում ծավալվել է բազմաբնույթ գործունեություն, որի հիմնական նպատակն է աջակցել Հայաստանի տնտեսության զարգացմանը և դրա ինտեգրմանը համաշխարհային տնտեսությանը, ապահովել բարենպաստ պամաններ գործարարության զարգացման համար, օժանդակել տնտեսվարող սուբյեկտներին թոխշահավետ համագործակցություն հաստատելու
արտասահմանյան գործընկերների հետ։ՀՀ ԱԱՊ գործունեության կարևորագույն մաս է կազմում գործարարության շահերի պաշտպանությունը հարկային, մաքսային և գործարարությանն առնչվող օրենքների և ենթաօրենսդրական ակտերի կատարելագործման նախաձեռնություններում։

ՀՀ ԱԱՊ նախագահին իրավունք է վերապահված մասնակցելու ՀՀ կառավարության նիստերին, նա հանդիսանում է հանրապետական մի շարք հանձնաժողովների անդամ՝ ներառյալ ՀՀ վարչապետի նախագահությամբ գործող Գործարարության աջակցման խորհրդի, Ապրանքների և ծառայությունների որակի ամենամյա մրցանակներ շնորհող կառավարական հանձնաժողովի, Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի հոգաբարձուների խորհրդի, Երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների արտահանման վերահսկողության հանձնաժողովի և այլն։

Պալատն ակտիվորեն մասնակցում է Հայաստանի և արտասահմանյան մի շարք երկրների հետ ստեղծված միջկառավարական առևտրատնտեսական հանձնաժողովների աշխատանքներին (Ավստրիա, Գերմանիա, Ուկրաինա, Բելառուս, Բուլղարիա, Ղազախստան, Վրաստան, Սիրիա, Չինաստան, Իրան, Լիբանան, Կիպրոս և այլն), դրանով իսկ ներդնելով իր ավանդը Հայաստանի տնտեսության զարգացմանը և արտահանումների խթանման գործին։

Երկրի տնտեսության ոլորտներում աչքի ընկած տնտեսվարող սուբյեկտների գործունեության արդյունքների պատշաճ գնահատման և խրախուսման նպատակով ՀՀ ԱԱՊ սահմանել է “Մերկուրի” անվանակարգով մրցանակներ։ 2008թ. հիմնվել է Պալատի բարձրագույն պարգևը՝ “Ոսկե մեդալը”։ Ոսկե մեդալով պարգևատրվում են Հայաստանի և արտերկրի գործարար շրջանակների, հասարակական կազմակերպությունների, պետական կառավարման մարմինների ներկայացուցիչները, որոնք իրենց գործունեությամբ օժանդակել են ՀՀ ԱԱՊ–ի կանոնադրական գործառույթների իրականացմանը, աջակցել են գործարարության զարգացման տարբեր ծրագրերի կյանքի կոչմանը։