Շրի Լանկայի նորանշանակ դեսպանի այցը ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ
Փետրվարի 26-ին ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատը հյուրընկալել է ՀՀ-ում Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Միգահալանդ Դուրաջ Լամավանսային։
Պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը շնորհավորեց նորանշանակ դեսպանին միաժամանակ համոզմունք հայտնելով, որ նա կնպաստի Հայաստան-Շրի Լանկա առևտրատնտեսական կապերի խորացմանը և ամրապնդմանը։ Այս համատեքստում պարոն Ալեքսանյանը առանձնակի կարևորեց տնտեսության առանձին ոլորտներում համագործակցության հնարավորությունների ձևավորումը և զարգացումը՝ մասնավորապես բարձր տեխնոլոգիաների, վերամշակող արդյունաբերության և տուրիզմի ոլորտներում։ Անդրադարձ եղավ նաև ՀՀ-ում համատեղ ձեռնարկությունների և շրիլանկայի ընկերությունների մասնաճյուղերի ստեղծման հնարավորություններին, որոնց միջոցով կստեղծվի նոր ճանապարհ՝ ՀՀ-ում թողարկված ապրանքներով մուտք գործել երրորդ երկրների շուկաներ։
Երկու կողմերը կարևորել են նաև ուղիղ ավիաչվերթների բացման հնարավորությունը՝ զբոսաշրջության ոլորտում համատեղ զարգացման նպատակով։
Նորանշանակ դեսպանը շնորհակալություն հայտնեց ընդունելության համար և պատրաստակամություն հայտնեց հետագայում ևս սերտ համագործակցել պալատի հետ։
Քննարկվեցին նաև երկու երկրների պալատների միջև համագործակցության հուշագիր կնքելու ինչպես նաև փոխադարձ այցելություններ կազմակերպելու հնարավորությունները։