«Բիզնեսի թափանցիկ վարման մեխանիզմները» թեմայով քննարկում Արարատի մարզի գործարար համայնքի ներկայացուցիչներիի հետ
Սեպտեմբերի 15-ին Արարատ քաղաքում մեկնարկեց «Բիզնեսի թափանցիկ վարման մեխանիզմները» թեմայով քննարկումների շարքը փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների հետ: Քննարկման նպատակն էր բարձրացնել Արարատի մարզի գործարար համայնքի իրազեկվածությունը ոլորտին առնչվող օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ և վերհանել այն խնդիրները, որոնք թույլ չեն տալիս փոքր և միջին բիզնեսին ճկունություն ցուցաբերել՝ հատկապես համավարակի պայմաններում գործունեություն ծավալելիս: ԱՄՆ Միջազգային Մասնավոր Ձեռնարկատիրության Կենտրոնի (CIPE) հետ համագործակցությամբ՝ ՀՀ ԱԱՊ-ի կողմից կազմակերպված հերթական քննարկմանը մասնակցեցին մարզի գործարար համայնքի և պետական հաստատությունների ներկայացուցիչներ, որոնք կիսվեցին իրենց մտահոգություններով հարկային և աշխատանքայի օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ, բարձրացրեցին ոլորտին վերաբերող կարևոր հարցեր և հանդես եկան մի շարք առաջարկություններով:
ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործառնական տնօրեն Վլադիմիր Ամիրյանը մասնակիցներին նեկայացրեց հադիպման նպատակը, օրակարգային հարցերը և հորդորեց ակտիվ մասնակցություն ցուցաբերել քննարկմանը՝ ներկայացնելով առաջարկություններ: ՀՀ ԱԱՊ ֆինանսատնտեսական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Շատվերովը մասնակիցներին ներկայացրեց վերջին ժամանակաշրջանում հարկային և աշխատանքային օրենսգրքերում կատարված փոփոխությունները, դրանց կիրառման ընթացքում առաջացող հիմնական խնդիրները: Քննարկումն ամփոփեց ՀՀ ԱԱՊ ծրագրերի համակարգող-հակակոռուպցիոն փորձագետ Էդգար Մեհրաբյանը, ով խոսեց բիզնեսի թափանցիկ վարման մեխանիզմների մասին և ներկայացվեց ՀՀ ԱԱՊ-ի կողմից մշակված հակակոռուպցիոն ուղեցույցի հիմնական դրույթները, ՓՄՁ-ների համար մշակված հակակոռուպցիոն կանոնակարգի օրինակելի ձևը, ինչպես նաև Պալատի կողմից ընդունված կանոնակարգը:
Մասնակիցների կողմից հնչեցվեցին մի շարք հարցեր և առաջարկություններ՝ ՀԴՄ կտրոնների կիրառման, հարկային ռեժիմի մի տեսակից մյուսին անցնելու և մի շարք այլ խնդիրների հետ կապված: Սեմինարի ավարտին մասնակիցներին տրվեցին հավաստագրեր ՀՀ ԱԱՊ կողմից կազմակերպված քննարկմանը մասնակցելու համար:
Այս նախաձեռնությունը ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի հերթական քայլերից մեկն է՝ ուղղված մարզերում հակակոռուպցիոն իրազեկվածության բարձրացմանը, գործարար համայնքի խնդիրների վերհանմանն ու վերջիններիս ձայնն առավել լսելի դարձնելու գործում: Նմանատիպ քննարկումները լինելու են շարունակական և առաջիկայում նախատեսված են քննարկումներ Հայաստանի մի շարք մարզերի, ինչպես նաև Երևան քաղաքի գործարար համայնքների ներկայացուցիչներ հետ: Քննարկումների ժամանակացույցը շուտով հասանելի կլինի Պալատի կայքէջում: Բոլոր քննարկումների արդյունքում նախատեսվում է ձևավորել առաջարկությունների փաթեթ և ներկայացնել քաղաքականություն մշակող և իրականացնող մարմիններին: