ԵԱՏՄ անդամ երկրների ազգային պալատների ղեկավարների հեռավար նիստ
Սույն թվականի ապրիլի 17-ին տեղի ունեցավ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ազգային պալատների ղեկավարների հեռավար նիստը, որին մասնակցում էր նաև ՀՀ ԱԱՊ-ի փոխնախագահի ժամանակավոր պաշտոնակատար պարոն Կարեն Իվանովը: Պարոն Իվանովը այս ծանր իրավիճակում կարևորեց ԵԱՏՄ անդամ պետությունների բոլոր պալատների համատեղ ջանքերը, բիզնեսին համակողմանի աջակցություն ցուցաբերելու համատեքստում: Իվանովը ՀՀ ԱԱՊ անունից առաջարկեց, որ ստեղծված իրավիճակում նման հանդիպումները կրեն հաճախակի բնույթ, որպեսզի արագ և օպերատիվ արձագանք տրվի բիզնեսի խնդիրներին: Քննարկվեցին նաև մի շարք հարցեր կապված միջոցառումների ձևաչափի փոփոխության, բիզնեսին աջակցություն ցուցաբերուլու գործիքների, կառավարության մշակած աջակցության ծրագրերի, Պալատի կողմից անհաղթահարելի ուժի հավաստագրերի տրման նոր կարգի և այլնի հետ կապված:
Վերջում Պարոն Իվանովը ևս մեկ անգամ անդրադարձավ Վերին Լարսի անցակետում տիրող իրավիճակին: Հայաստանի համար այս խնդիրը չափազանց կարևոր է: Մենք չունենք ծովային և երկաթուղային տրանսպորտ և մեր բեռնատարների Վերին Լարսի անցակետում օրերով, երբեմն նաև շաբաթներով մնալը (թե՛ ներմուծման, և թե արտահանման ժամանակ) կարող է անդառնալի հետևանքներ ունենալ Հայաստանի համար: Համավարակի պայմաններում Վերին Լարսի անցակետը միակ լոգիստիկ հանգույցն է, որից կարող են օգտվել Հայաստանյան բիզնեսները: Այսօր մեր բեռնատարները հաճախ խնդիրներ են ունենում սահմանը հատելու հետ կապված, այնինչ մաքսային միության անդամ երկրների ապրանքները սահմանը կարող են հատել կանաչ ուղի ընթացակարգով: Պարոն Իվանովը ևս մեկ անգամ հրավիրեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխաիլ Միասնիկովիչի ուշադրությունը այս չափազանց կարևոր խնդրի վրա:
Միջոցառման արդյունքում մշակվեց համատեղ ուղերձ, որի հասցեատերը ԵԱՏՄ անդամ պետությունների գործարարներն էին: Ուղերձի բովանդակությունը կարող եք ծանոթանալ այստեղ, իսկ նիստի ամբողջական տեսաձայնագրությունը՝ հետևյալ հղումով` shorturl.at/zKU27