ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

Հայաստան Իրան

Հայաստան Իրան

   ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործարար պատվիրակությունը, Պալատի նախագահ Մարտին Սարգսյանի գլխավորությամբ,  նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 2-ը գտնվում էր Իրանի Իսլամական Հանրապետությունում, ուր մի շարք հանդիպումներից հետո ստորագրվեցին համագործակցության հուշագրեր, ձեռք բերվեցին պայմանավորվածություններ: Եվ ահա  այդ հանդիպումների և պայմանավորվածության շրջանակներում դեկտեմբերի 26-ին  ՀՀ առևտրաարդյունաբերական պալատում էր Իրանի «Հուշմանդսազեհ» տնաշինական ընկերության պատվիրակությունը՝ կառավարիչ տնօրեն Մոհամմադ Նասեր Զանգենեհի գլխավորությամբ:

   Խոսելով Հայաստանում բնակարանաշինության արդիական  ինդուստրիայի և ժամանակի պահանջներին համահունչ խնդիրների մասին, պարոն Սարգսյանը կարևորեց գների  մատչելիությունը, սեյսմակայությությունը, բնապահպանական նորմերի պահպանումը, կառուցան ամենասեղմ ժամկետները և այլ գործոններ, որոնց պայմաններում լուծվելու է սոցիալական կարևոր խնդիր՝ հատկապես միջին խավի երիտասարդ ընտանիքներին արագ ապահովելու բնակարանով:

   Իրանական ընկերության վարկանիշի, հնարավորությունների և ակնկալվող համագործակցության առանձին մանրամասների մասին տեղեկացնելով՝ պարոն Մոհամմադ Նասեր Զանգենեհը նշեց, որ հայաստանյան շուկայում բնականաբար կլինեն նախնական դժվարություններ, որոնց հաղթահարման գործում ակնկալում են ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործուն աջակցությունը: Մասնավորապես նոր տեխնոլոգիաների մասնագետների վերապատրաստումը, որն իրենք կարող են կազմակերպել Հայաստանում: Պարոն Մարտին Սարգսյանը հավելեց, որ Հայաստանում կան միջին մասնագիտական կրթօջախներ, որոնք ամենասեղմ ժամկետներով համատեղ մասնագետներ կպատրաստեն: Ի դեպ, արդեն կան գործարարներ, որոնք հատուկ վճարում են կրթօջախներին  իրենց անհրաժեշտ մասնագետներ պատրաստելու համար: Պարոն Սարգսյանը նաև առաջարկեց, որ շինինդուստրիան՝ մասնավորապես շինարարական կոնստրուկցիաները Հայաստան ներկրելով՝ բնակմակերեսի ինքնարժեքը կբարձրանա, ուստի առավել նպատակահարմար է դրանք պատրաստել Հայաստանում: Իսկ Լոռու մարզի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Սամվել Նաջարյանը  անմիջապես առաջարկ ներկայացրեց՝ նման շինվածքների արտադրության համար աղետի գոտում հատկացնել գործարան, շուրջ 13 հեկտար մակերեսով, ուր հնարավոր կլինի նաև այլ արտադրություններ հիմնել: Պարոն Մարտին Սարգսյանը նպատակահարմար համարեց նոր կոնստրուկցիաներով և տեխնոլոգիայով նախապես ցուցադրական բնակարան կառուցել, որովհետև հայերիս մոտ դեռ պահպանվում է տունը անպայման քարերով ու ցեմենտով և հաստ պատերով կառուցել՝ այն էլ մի քանի տարում և մի քանի անգամ ավելի ֆինանսական ծախսերով: Հարկավոր է կարծրատիպը կոտրել կոնկրետ օրինակով: Պարոն Սարգսյանը կարևորեց Հայաստանի և իրանի շինարարների միությունների աջակցությունը և այդ թեմայով Հայաստանում մասնագիտական կոնֆերանսի հրավիրումը: Ի դեպ՝ կոնֆերանսի հրավիրման պահին առավոտյան սկսել հավաքովի բնակարանի կառուցումը և երեկոյան կոնֆերանսի ավարտին մասնակիցներին ներս հրավիրել նորակառույց բնակարան:

   Երկուստեք հնարավոր համարեցին այս համատեղ ծրագիրը կիրառել նաև ԵԱՏՄ երկրներում