ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

Մահազդ

Մահազդ

ՀՀ ԱԱՊ-ն խորը վշտով տեղեկացնում է, որ կյանքից անժամանակ հեռացել է ՀՀ ԱԱՊ փոխնախագահ Հարություն  Հայրապետյանը:  Փոխնախագահ Հարություն  Հայրապետյանի՝  կյանքից անժամանակ հեռանալը ոչ միայն մեծ կորուստ է ընտանիքի անդամների և հարազատների համար, այլ նաև բոլոր նրանց համար, ովքեր առիթ են ունեցել ճանաչել նրան կյանքում՝ տարբեր հանգամանքների բերումով:
Ողջ աշխատանքային գործունեության ընթացքում պրն. Հայրապետյանն իր գիտելիքները, փորձը և անսպառ էներգիան ծառայեցրել է հանուն Հայաստանի և հայ ժողովրդի բարօրությանը՝ ձեռնամուխ լինելով մեր երկրի տնտեսական զարգացմանը խթանող տարբեր նախագծերի իրականացմանը՝ հատկապես Քաղաքացիական Ավիացիայի և Տեղեկատվական Տեխնոլոգիաների ոլորտում: Մեծ էին նաև նրա հեռանկարները Իսլանդիա-Հայաստան դիվանագիտական, տնտեսական և մշակութային հարաբերությունները զարգացնելու, ավելի բարձր մակարդակի հասցնելու ուղղությամբ:
Ցավոք, նրա՝ ապագայի հետ կապված ծրագրերը մնացին անավարտ:
Ի դեմս Հարություն Հայրապետյանի՝ մենք կորցրեցինք իր տեսակով բացառիկ մարդու, լավ հայի, մեծ հայրենասերի ու մարդասերի և վերջապես, լավ ընկերոջը:

 

 

Հարություն Հրաչիկի Հայրապետյանը, ծնվել է 1969թ. մարտի 8-ին, Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում:

Միջնակարգ դպրոցն ավարտելուց անմիջապես հետո, 1986թ.-ին ընդունվել է Երևանի Պետական Համալսարանի Մեխանիկամաթեմատիկայի ֆակուլտետը: Համալսարանում ուսանելու ընթացքում, 1987-1988թթ. ընդմիջել է կրթությունը՝ Խորհրդային բանակում ծառայելու նպատակով: 1992թ.-ին գերազանցությամբ ավարտել է Երևանի Պետական Համալսարանի  Մաթեմատիկայի ֆակուլտետը:

2012թ.-ին ընդունվել է Նիդերլանդների Թագավորության Էրազմուս Համալսարանին կից Ռոտերդամի կառավարման դպրոց (RSM), որն ավարտել է 2014թ.-ին ՝ ստանալով Global Executive OneMBA դիպլոմ, Բիզնես Կառավարման մագիստրոսի աստիճան (MBA):

Աշխատանքային գործունեությունը սկսել է 1990թ.-ից՝ ընդունվելով Երևանի Ս. Մերգելյանի անվան Մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ, որպես ինժեներ, որտեղ աշխատել է մինչև 1993թ.-ը՝ համատեղելով ուսումը:

1993-1996թթ. աշխատել է «Հայկական Ավիաուղիներ» ՊՓԲԸ-ի կոմերցիոն վարչությունում:

1996 — 2015թթ. հանդիսացել է  SITA Միջազգային կազմակերպության (ավիափոխադրումների հեռահաղորդակցման և տեղեկատվական տեխնոլոգիաների առաջատարներից մեկն աշխարհում) Հայաստանյան մասնաճյուղի տնօրենը:

2002-2015թթ. ստանձնել է «Օրանժ» ընկերության բիզնես ծառայության «ԻՔՎԱՆԹ» ՍՊԸ-ի Հայաստանյան գրասենյակի տնօրենի պաշտոնը:

2009-2010թթ. աշխատանքային գործունեությունը համատեղությամբ շարունակել է «Օրանժ» բջջային կապի ծառայության Հայաստանյան գրասենյակում, որպես գլխավոր տնօրենի խորհրդական:

2015-16թթ. ստանձնել է ՀՀ Փոխվարչապետի խորհրդականի գործառույթը (Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարություն):

2015թ.-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Առևտրաարդյունաբերական պալատի խորհրդի անդամ, այնուհետև ընտրվել որպես կառույցի փոխնախագահ:

2018 թվականից  Եվրոպական Առևտրաարդյունաբերական Պալատների Ասոցիացիայի (Eurochambres) տնօրենների խորհրդի անդամ էր:

2016թ.-ից  զբաղեցրել է «Քրոսս Լայն» ՍՊԸ-ի կոմերցիոն տնօրենի պաշտոնը:

2018թ.-ից հանդիսացել է Հայաստանում Իսլանդիայի պատվավոր հյուպատոսը:

Ամուսնացած է, ունի երկու որդի և մեկ դուստր: