ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

Կոտայքի ԱԱՊ 6-րդ համագումարը

Կոտայքի ԱԱՊ 6-րդ համագումարը

Դեկտեմբերի 19-ին Ծաղկաձորում տեղի ունեցավ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի Կոտայքի մարզային պալատի 6-րդ արտահերթ համագումարը: Նիստը նախագահող Աշոտ Օհանյանը հետաքրքիր էքսկուրսով ներկայացրեց Հայաստանում առևտրաարդյունաբերական պալատի, մասնավորապես Կոտայքի կառույցի  հիմնադրման պատմությունը: Այս թեման իր ողջույնի խոսքում տրամագծորեն շարունակեց ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը, ով մասնավորապես երախտագիտության խոսք ասաց Կոտայքի պալատի հիմնադիր նախագահ Գեորգի Նանյանի վերաբերյալ՝ արժևորելով ու գնահատելով նվիրյալ քաղաքացու և հրաշալի ընկերոջ վաստակը: Պարոն Սարգսյանը գոհունակությամբ նշեց, որ Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատը այսօր անդամակցում է միջազգային տարբեր կառույցների, այդ թվում՝ Մետաքսի ճանապարհի միջազգային առևտրի պալատին, որից լուրջ ակնկալիքներ ունենք: Պարոն Սարգսյանը հատկապես կարևորեց տնտեսական բարենորոգումների այս էտապում մարզային պալատների դերն ու նշանակությունը:

Կոտայքի ԱԱՊ հիմնադիր նախագահ Գեորգի Նանյանը հիշեցրեց, թե ինչ դժվարին պայմաններում ձևավորվեց ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը:

Այնուհետև «Կոտայքի մարզային պալատի զարգացման հիմնադրույթները» ծրագրային ելույթով հանդես եկավ Սամվել Հովակիմյանը: Խոսելով Հայաստանի տնտեսական բարենորոգման հիմնադրույթներից՝ պարոն Հովակիմյանը ներկայացրեց Կոտայքի առևտրաարդյունաբերական պալատի վերակառուցման գաղափարական խնդիրները՝ լուծման գործում ակնկալելով ոչ միայն հանրապետական, այլ նաև միջազգային կառույցների  զորակցությունը:

Որպես տարածքային զարգացման լոկոմոտիվի՝ մարզային պալատների դերի և նրանց գործունեությունը ակտիվացնելու խնդիրների վերաբերյալ  հանրապետության տնտեսական զարգացման ընդհանրական հեռապատկերին անդրադարձավ  Մասիս Սարգսյանը:

Արամ Գաբրիելյանը անդրադարձավ հանրային-մասնավոր համագործակցության համատեքստում համայնքների զարգացման հեռանկարին՝ դրանում մասնավորելով Կոտայքի պալատի առանձին անելիքները:

Այնուհետև կայացավ Կոտայքի առևտրաարդյունաբերական պալատի նախագահության նոր կազմի, նախագահի և տեղակալի ընտրություն: Կոտայքի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ ընտրվեց Սամվել Հովակիմյանը, նախագահի տեղակալ՝ Աշոտ Օհանյանը:

Ամփոփելով համագումարի աշխատանքը՝ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը շնորհավորեց Կոտայքի պալատի նորընտիր նախագահին, տեղակալին ու նախագահության անդամներին և համոզմունք հայտնեց, որ այս փոփոխությունները լրջագույն ազդակ կդառնան հիշյալ պալատը դարձնելու մարզի տնտեսական բարեփոխումների լոկոմոտիվը: