ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

Հայ-հունական գործարար համաժողով

Հայ-հունական գործարար համաժողով

Մարտի 19-ին Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի  «Արարատ» սրահում տեղի ունեցավ Հայ-հունական գործարար համաժողով: Այն կազմակերպել էին Հայաստանի Հանրապետության և Աթենքի առևտրաարդյունաբերական պալատները: Համաժողովի աշխատանքները համակարգել և վարում էր ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի Միջազգային համագործակցության վարչության պետ Վլադիմիր Ամիրյանը:

Բացման խոսքում Հունաստանի ԱԳՆ միջազգային տնտեսական համագործակցության և զարգացման հարցերով Գլխավոր քարտուղար  Իոաննիս Բրախոսը  ընդգծեց, որ Հայաստան-Հունաստան միջպետական առևտրաշրջանառությունը դեռևս բավարար մակարդակի վրա  չէ:

Հայաստանում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ Նաֆսիկա Նանսի Էվա Վրայլան հավելեց, որ քաղաքական բարեկամական հարաբերությունները լավ  նախապայման են տնտեսական կապերը  ակտիվացնելու համար:

   Աթենքի առևտրաարդյունաբերական պալատի գործադիր խորհրդի անդամ և բիզնես խորհրդատվությունների բաժնի պետ Դիմիտրիս Դիմիտրիուն նույն թեմայով լրացրեց, որ Աթենքի և Երևանի առևտրաարդյունաբերական պալատները չօգտագործված հնարավորություններ ունեն գործակցությունը խթանելու:

Երևանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Անդրանիկ Ալեքսանյանը նշեց, որ Հայաստանը և Հունաստանը տնտեսական ոլորտում ունեն մեծ ներուժ, սակայն այն շատ քիչ ենք օգտագործում: Հայաստանը այսօր ունի շատ մեծ հնարավորություն հույների հետ դուրս գալու ԵԱՏՄ և Իրանի շուկաներ:

Իոաննիս Բրաչոսի կարծիքով` հայ-հունական գործարար համաժողովը շատ կարևոր է` առևտրի հոսքերը խթանելու և էլ ավելի զարգացնելու համար:

«Ակնկալում ենք, որ Հայաստանի և Հունաստանի միջև երկկողմանի առևտրի ծավալները աճելու են: Սա միակ ներուժը չէ երկու երկրների միջև, այլ գոյություն ունեն մի շարք այլ հանգամանքներ: Միջկառավարական հանձնաժողովը տնտեսական համագործակցության շատ օգտակար գործիք է հանդիսանում: Երեկ Հայաստանի արտաքին գործերի նախարարի մեր գործընկերների համատեղ բավականին քննարկումներ եղան` բարենպաստ միջավայր ստեղծելու, տնտեսական հարաբերություններում խթանող չափորոշիչների որդեգրելու մասով: Հավելյալ հանդիպումներ ևս տեղի են ունենալու երկկողմանի հարաբերությունների զարգացմանը միտված: Մենք հետաքրքրված ենք ուսումնասիրելու համագործակցության հնարավորություններ հետևյալ ոլորտներում` գիտելիքի փոխանակման, սիներգիաներ ստանալու, արդյունաբերական, արտադրական, օրգանական սննդի զարգացման ոլորտներում: Հունական արտադրությունները նաև հետաքրքրված են այլ ենթակառուցվածքներում ծրագրեր ներդնելով»,- ասաց Բրաչոսը:

Գործադիր համաժողովի երկրորդ մասն անցավ երկուստեք հանդիպումներով (B2B ձևաչափով): Մեկ տասնյակ հունական ընկերությունների հետ համագործակցության հնարավորությունները քննարկելու համար ցուցակագրվել էին ավելի քան 50 հայկական ընկերություններ: Հունական ընկերությունները հիմնականում ներկայացնում էին շինարարության, քիմիական և կոսմետիկ միջոցների, ձիթապտղի յուղի արտադրության և արևային էներգետիկայի ոլորտները: