ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

Հայ-թուրքմենական տնտեսական կապեր

Հայ-թուրքմենական տնտեսական կապեր

   Փետրվարի 19-ին Հայաստանում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմեդ Այազովը այցելեց ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ: Նա դեսպանության անունից պաշտոնական հրավեր հանձնեց Պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանին 2019 թվականի օգոստոսի 12-ին Թուրքմենբաշի քաղաքում Կասպյան առաջին տնտեսական ֆորումին մասնակցելու կապակցությամբ: Համաժողովին մասնակցելու են Մերձկասպյան երկրների կառավարությունների անդամներ, նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներ, գործարարներ: Ֆորումի նպատակն է Կասպյան տարածաշրջանում ստեղծել խոշոր ներդրումների գրավչության ծրագրերի և քննարկումների բարենպաստ պայմաններ արդյունաբերության, էներգետիկայի, գյուղատնտեսության, առևտրի, տուրիզմի և այլ ոլորտներում: Ֆորումին հրավիրվում են առաջին հերթին տարածաշրջանին մերձակա պետությունների և միջազգային տնտեսական ու ֆինանսական կազմակերպությունների պատվիրակություններ, այդ թվում պատվիրակներ Հայաստանից:

   Դեսպանը նշեց, որ ֆորումը փոխշահավետ կլինի Թուրքմենստանի և Հայաստանի  միջև տնտեսական կապերը առավել զարգացնելու և ծավալելու առումով: Նա հավելեց, որ ֆորումի նախորդ օրը գործարար շրջանակների ներկայացուցիչները նախապատրաստելու են փոխգործակցության հուշագիր Մերձկասպյան երկրների գործարար խորհուրդ ստեղծելու հետ կապված:

   Համաժողովը ունենալու է երեք բաղադրիչ: Առաջին օրը կկայանա միջազգային համաժողովի լիագումար նիստը՝ քննարկելով հիմնական հայեցակարգային հարցեր: Զուգահեռաբար կանցկացվեն գործարար ֆորումն ու կլոր սեղանները: Գործելու է Ինովացիոն տեխնոլոգիաների Կասպյան ցուցահանդեսը:

Պարոն Անդրանիկ Ալեսանյանը պատրաստակամություն հայտնեց աջակցել հայ գործարարներին՝  ֆորումի աշխատանքներին մասնակցելու հետ կապված  խնդիրներով: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ ԱԱՊ աշխատակազմի ղեկավար Արայիկ Վարդանյանը և Պալատի արտաքին կապերի վարչության պետ Վլադիմիր Ամիրյանը: