ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

Հայաստան-Գանա տնտեսական կապեր

Հայաստան-Գանա տնտեսական կապեր

   Հունվարի 31-ին ՀՀ-ում Գանայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լեսլի Ակուա Ակյաա Օպուկու-Վարեն այցելեց ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ, ուր նրան ընդունեցին Պալատի  գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը, փոխնախագահ Հարություն Հայրապետյանը և աշխատակազմի ղեկավար Արայիկ Վարդանյանը:

   Հայաստանի գործարար մթնոլորտի, գործակցության հավանական ոլորտների մասին ներկայացրեց Պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը՝ կարևորելով երկու երկրների առևտրաարդյունաբերական պալատների միջև փոխըմբռնման հուշագրի  ստորագրումը: Նա միաժամանակ շեշտեց, որ հարկավոր է երկուստեք ձեռնամուխ լինել Հայաստանում Գանայի պատվավոր հյուպատոս ունենալու գործին: Անդրանիկ Ալեքսանյանը նշեց, որ Պալատը կաջակցի Գանայի բիզնեսը երրորդ երկրներ արտահանելուն՝ Հայաստանում համատեղ վերամշակելով Գանայից ներկրվող ապրանքները:

   Պալատի փոխնախագահ Հարություն Հայրապետյանը հավելեց, որ Գանան հարուստ է հատկապես տեխնիկական ալմաստով, և շահեկան կլինի Հայաստանի գործարանային կարողություններն օգտագործել այդ նպատակով: Ոսկերչությունը և գյուղատնտեսությունը ևս համագործակցության հավանական ոլորտներից են:

   Տիկին Լեսլի Ակուա Ակյաա Օպուկու-Վարեն նշեց, որ Գանան ունի շուրջ 30 միլիոն բնակիչ, որոնք հինականում քրիստոնյաներ են և հայերի նկատմամբ բարեկամական են տրամադրված: Օրինակ՝ Գանայում ամենամեծ հանգստյան գոտու սեփականատերը Հայ է: Նա հավելեց, որ բնակլիմայական պայմանները շատ նպաստավոր են հատկապես էկզոտիկ տուրիզմի համար՝ «Գանայում չկա ցուրտ ձմեռ. կա շոգ և ավելի շոգ»: Գանայում զարգանում է բժշկական տուրիզմը, իսկ հայաստանյան բարձրորակ մասնագետները կարող են ուսուցողական դասընթացներ կազմակերպել: