ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

Կլոր սեղան-քննարկում հարկային և տեսչական համակարգի կատարելագործման վերաբերյալ

Կլոր սեղան-քննարկում հարկային և տեսչական համակարգի կատարելագործման վերաբերյալ

   Օգոստոսի 22-ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատում կայացավ հարկային քաղաքականության  և պետական տեսչական համակարգի կատարելագործման վերաբերյալ Գործարար Շահերի Պաշտպանության Ցանցի (ԳՇՊՑ)  կազմած առաջարկությունների կլոր սեղան-քննարկում:Քննարկմանը  մասնակցում էին ՀՀ ֆինանսների նախարարության եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետ Օրի Ալավերդյանը, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության պետ Հրաչյա Մուրադյանը, Տնտեսական Զարգացման և ներդրումների նախարարության ՓՄՁ աջակցության և զարգացման վարչության պետ Կորյուն Գևորգյանը և Տեսչական բարեփոխումների գրասենյակի փորձագետ Արթուր Ասոյանը և այլոք:

Հանդիպման սկզբում Երևան քաղաքի ԱԱՊ նախագահի խորհրդական Վլադիմիր Ամիրյանը հանդես եկավ բացման խոսքով, ողջունեց Պետական հատվածի ներկայացուցիչներին և շնորհակալություն հայտնեց ներկայության համար, նշելով , որ  նրանց կարծիքը շատ կարևոր է քանի որ հետագայում փոփոխությունները կատարողը նրանք են լինելու: Պրն Ամիրյանը ներկայացրեց Փաստաթղթերի ստեղծման նախապատմությունը նշելով, որ ներկայացվելիք առաջարկությունները ձևավորվել են հաշվի առնելով  գործարար հանրության ինչպես նաև փորձագիտական կարծիքը:

    Պետական տեսչական համակարգի կատարելագործման  փաստաթղթում ներառված էին խնդրներ հետևյալ թեմաներով՝

  • ստուգումների ընթացակարգերի կատարելագործում,
  • ստուգումների պլանավորման առանձնահատկությունների հստակեցում,
  • ընթացակարգերի սահմանում,
  • ստուգումների արդյունքների բարեփոխման մեխանիզմների կատարելագործում,
  • տեսուչների գործելակերպի նոր մշակույթի ներդրումը և այլն,

Այս խնդիրները  մանրամասն ներկայացվեցին տեսչական ոլորտի փորձագետ Սյուզաննա Ծատուրյանի կողմից :

    Հանդիպման մասնակիցները նշեցին հատկապես կամայականությունների բացառման նպատակով ստուգումների պլանավորման առանձնահատկությանների հստակեցման, ստուգումների արդյունքների բողոքարկման մեխանիզմների կատարելագործման և խնդրին առնչվող այլ հարցեր:

   Մյուս դիրքորոշում արտահայտող փաստաթուղթը  վերաբերում էր հարկային ոլորտի օրենսդրության կատարելագործմանը, որը հանգամանորեն ներկայացվեց Հարկային ոլորտի փորձագետ Փայլակ Թադևոսյանի կողմից:

Կարգավորման ենթակա խնդիրները հետևյալն էին՝

  • Շրջանառության հարկ վճարող համարվելու հայտարարություն ներկայացնելու ժամկետի սահմանափակման վերանայում
  • Շրջանառության հարկ վճարող համարվելու փոխկապակցվածության սահմանափակման վերանայում
  • Առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողների համար հարկի գումարը նվազեցնելու սահմանափակման վերանայում
  • Շրջանառության հարկ վճարողների համար ՀԴՄ-ների կիրառման և ՀԴՄ կտրոններում ապրանքների անվանացանկի պարտադիր արտացոլման պահանջի վերանայում
  • Հարկի գումարը պակաս հայտարարագրելու դեպքում 50 տոկոս տուգանքի հաշվարկման կարգի վերանայում
  • Հարկի վճարումը սահմանված ժամկետից ուշ վճարելու համար սահմանված պատասխանատվության վերանայում
  • Ֆիզիկական անձանց շահաբաժինների հարկման վերանայում
  • Եկամտային հարկի դրույքաչափերի վերանայում
  • Շրջանառության հարկի շեմի վերանայում
  • Հարկային համակարգի կայունություն

Վերոնշյալ հարցերի շրջանակներում ծավալվեց բուռն քննարկում պետական հատվածի ներկայացուցիչների և Գործարար շահերի պաշտպանության ցանցի ու Երևան քաղաքի առևտրաարդյունաբերական պալատի անդամների միջև:

   Փորձագետները նշեցին, որ ՓՄՁ սուբյեկտների համար գործում են հարկման մի քանի ռեժիմներ, որոնք հարկային բեռի և կիրառության առումով տարբեր են: Ոմանց համար հարկման ռեժիմները բարենպաստ են, իսկ շատերի համար հարկային բեռի և սահմանափակումների առկայության պայմաններում՝ ոչ բարենպաստ: Եվ հենց դա լրացուցիչ խնդիրներ է առաջացնում, ուստի այն հարկավոր է առավել հստակեցնել և բարեփոխել: Անդրադարձ եղավ նաև հարկման տարբեր ռեժիմների առանձնահատկություններին ու դրանց հնարավորիս պարզեցման խնդիրներին, ինչը նպաստավոր պայմաններ կստեղծի ՓՄՁ զարգացման համար:

     Քննարկման ավարտին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի Արտաքին կապերի վարչության պետ Վլադիմիր Ամիրյանը Պալատի անունից պատրաստակամություն հայտնեց մշտապես աջակցելու նման կարևորագույն քննարկումների կազմակերպմանը, քանի որ ճիշտ ու իրատեսական օրենսդրությունն է Հայաստանում փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման նախապայմանը: