ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

Կլոր սեղան-քննարկում ՓՄՁ քաղաքականության վերաբերյալ

Կլոր սեղան-քննարկում ՓՄՁ քաղաքականության վերաբերյալ

    Օգոստոսի 15-ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատում կայացավ Փոքր և միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ) վերաբերյալ Գործարար Շահերի Պաշտպանության Ցանցի (ԳՇՊՑ) կողմից կազմած առաջարկությունների քննարկում, որին մասնակցում էր նաև ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ  Հակոբ Ավագյանը:

    Առկա հիմնախնդիրների և դրանց լուծման վերաբերյալ դիրքորոշում արտահայտող այս փաստաթղթում ներառված են մոտեցումների ութ կարևոր կետեր: Դրանք վերաբերում են հիմնախնդիրների օրենսդրական կարգավորման, ֆինանսական մեխանիզմների, մարկետինգի և արտահանման աջակցության, մրցունակության բարձրացման, հանրային գնումներին ՓՄՁ սուբյեկտների մասնակցության մեխանիզմների, ոլորտի պաշտոնական վիճակագրության վարման, տեղեկատվական և կրթական աջակցության և ձեռնարկության լուծարման ընթացակարգերի կատարելագործմանը:

   ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը արժևորեց ՓՄՁ ոլորտում բարեփոխումների կարևորությունը և շեշտեց այդ քննարկումները պարբերաբար շարունակելու անհրաժեշտությունը: Քննարկումները հնարավորություն կտան դասակարգել և ընդհանրացնել խնդիրները, լրամշակել դիրքորոշում արտահայտող փաստաթուղթի ոչ լիարժեք դրույթները, կոնկրետացնել այն հիմնական ուղղությունները, որոնք նախապայման են ստեղծում գործարար միջավայրի բարելավման և ներդրումների խթանման համար:

   ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Հակոբ Ավագյանը պատասխանեց գործարարներին մտահոգող բազմաթիվ հարցերի՝ հավելելով, որ հիշյալ խնդիրը նախարարություն ամենօրյա ուշադրության կենտրոնում է: Անհրաժեշտ է էլ ավելի ակտիվացնել պետություն-մասնավոր սեկտոր երկխոսությունը, որում կարևոր դերակատարում ունի հատկապես ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը: Փոխնախարարը ևս շեշտեց նման հանդիպումների շարունակականությունը և պատրաստակամություն հայտնեց աջակցելու դրանում:
ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի միջազգային համագործակցության բաժնի պետ Վլադիմիր Ամիրյանը խոսեց դիրքորոշում արտահայտող փաստաթղթի նպատակի մասին:
Գործարարները նշեցին, որ նախկինում կարևոր շատ խնդիրների վերաբերյալ չափորոշիչներ էին մշակվել, որոնք հաճախ հեշտորեն շրջանցվում են: Ահավասիկ՝ այսօր խոշոր բիզնեսների մեծ մասը դասակարգվում են ՓՄՁ-ների շարքում՝ դրանից բխող ոչ ճիշտ հարկման հետևանքներով: Իր հերթին՝ շրջանառության մի մասը ստվերային է, իսկ աշխատողների իրական թվաքանակն էլ թաքցվում է: Հարկավոր է հստակեցնել չափորոշիչները՝ բացառելու շրջանցելու հնարավորությունը:
ՓՄՁ ոլորտի փորձագետ Գագիկ Պողոսյանը ներկայացրեց ոլորտի բարելավման առաջարկությունները:

      Գործարարներից եղավ առաջարկություն մարզերում ստեղծել մարկետինգային կենտրոններ արտադրությանը և զորակցելուն նպատակամիտված: Նաև նշվեց, որ կատարյալ չեն դրամաշնորհների ստացման չափորոշիչները:

   Քննարկվեցին հարկային և մաքսային քաղաքականության անկատարությանը, հատկապես փոքր և միջին բիզնեսին խոչընդոտող և բազմաբնույթ այլ հարցեր, որոնց անդրադարձ կլինի հաջորդ քննարկմանը: Կարևոր դիտողություններն ու առաջարկությունները հաշվի են առնվելու ՀՀ կառավարության կողմից ՓՄՁ ոլորտի զարգացման ռազմավարության կարևորագույն փաստաթուղթը կազմելիս: