ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

ՀՀ ԱԱՊ – Եվրամիություն

ՀՀ ԱԱՊ – Եվրամիություն

Հայաստանում «Արևելյան ներդրումներ» ծրագրի շրջանակներում մարտի 5–ին Երևանի «ԱՆԻ ՊԼԱԶԱ» հյուրանոցային սրահում  ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի և Եվրամիության համատեղ կազմակերպած «Ներդրումային համաժողովը» նպատակամիտված էր ամրապնդելու եվրոպական և հայկական ձեռնարկությունների, ինչպես նաև գործարարությանն աջակցող կազմակերպությունների միջև համագործակցությունը, որի ընթացքում երկու կողմերը հնարավորություն ունեցան քննարկելու կոնկրետ ներդրումային ծրագրեր։ Մինչ այժմ Հայաստանի կողմից մոտավորապես 3 տասնյակ ընկերություններ գրանցել են իրենց ծրագրերը։ Բացման խոսքով և ելույթով հանդես եկավ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Արայիկ Մանուկյանը, Կառավարության անունից կոնֆերանսի մասնակիցներին ողջունեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Հարությունյանը, Հայաստանում ԵՄ անունից՝ առևտրի և մասնավոր հատվածի զարգացման ղեկավար Լյուդովիկ Միչանովսկին,Եվրոպալատի կողմից՝ միջազգային հարցերով խորհրդատու Բիրգիտ Արենսը և Զարգացման հայկական գործակալության կողմից՝ տնօրեն Ռոբերտ Հարությունյանը։

    ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Արայիկ Վարդանյանը բիզնեսի ներկայացուցիչներին առաջարկեց ներդրումներ կատարել մեր երկրում: «Հայաստանն այսօր հրավիրում է իր բարեկամ գործարարներին ներդրումներ կատարել հանքարդյունաբերության, ոսկերչության և ադամանդագործության, քիմիական արդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության և այլ շահավետ ոլորտներում»,- ասաց Արայիկ Վարդանյանը:

ՀՀ ԱԱՊ գործադիր տնօրենը նշեց, որ անկախությունից ի վեր Հայաստանում ամենախոշոր ներդրողը Ռուսաստանի Դաշնությունն է, որին հաջորդում է Ֆրանսիան: Հիմնական ներդրումները հեռահաղորդակցության և խմիչքի արտադրության ոլորտներում են: «Մեր հանրապետությունում երրորդ խոշոր ներդրողը հոլանդացիներն են, թեև այստեղ ուղղակի ներդրումներն աննշան են, հիմնականում աջակցում են տարբեր ծրագրերի»,- նշեց Վարդանյանը՝ հավելելով  նաև Հայաստանում այլ խոշոր ներդրող երկրների մասին:

ՀՀ ԱԱՊ գործադիր տնօրենը խոսեց Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության մասին՝ շեշտելով, որ այդ հանգամանքը չի խոչընդոտի  ներդրումներին՝ «Ընդհակառակը, այդ որոշումը նոր հնարավորություններ է ընձեռում գործարարներին։ Հայաստանը կարող է կամուրջ դառնալ Մաքսային Միության անդամ երկրների և Եվրամիության միջև»:

    ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Հարությունյանը՝ ողջունելով հյուրերին և արժևորելով ՀՀ ԱԱՊ – Եվրամիություն համագործակցությունը, խոսեց Հայաստանում կատարվող ներդրումների և մեր հանրապետությունում խոշոր  միջազգային ընկերությունների գործունեության մասին՝ «Կարող ենք փաստել, որ ներդրումների մակարդակն սկսել է վերականգնվել: Միջազգային ճգնաժամից հետո Հայաստանում արձանագրվում է ներդրումների աճ, թեև դեռ չեն վերականգնվել ներդրումների նախաճգնաժամային ծավալները»: Փոխնախարարի խոսքով` 2012 թվականին Հայաստանում ԵՄ երկրների ներդրումները կազմել են 315 միլիոն դոլար, իսկ 2013 թվականի երեք եռամսյակների տվյալներով հասել են 150 միլիոն դոլարի: Հարությունյանը տեղեկացրեց Հայաստանում գործունեություն ծավալող խոշոր միջազգային կազմակերպությունների մասին: Նա նշեց Հայաստանի արդյունաբերության զարգացման քաղաքականության կարևորությունը և տնտեսության 11 գերակա ուղղությունները:    Զարգացման Հայկական Գործակալության կողմից ներկայացվեց Հայաստանի ներդրումային  մթնոլորտը։

Համաժողովի շրջանակներում ԵՄ և Հայաստանի համապատասխան փորձագետները հանգամանորեն ներկայացրեցին Հայաստանի ներդրումային և ընդհանրապես գործարար մթնոլորտը, ազատ տնտեսական գոտու հնարավորությունները, արդյունաբերական գերակա ճյուղերը, ինչպես նաև արդյունաբերության քաղաքականության հիմնական տրենդները։ Մասնակցությունը բաց է նաև եվրոպական ընկերությունների այն ներկայացուցիչների համար, ովքեր ցանկանում են աշխատել հայկական շուկայում։