ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

«Գործնական ուսուցումը՝ ճանապարհ դեպի զբաղվածություն» թեմայով սեմինար

«Գործնական ուսուցումը՝ ճանապարհ դեպի զբաղվածություն» թեմայով սեմինար

Մարտի 27-ին ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատում կայացավ «Գործնական ուսուցումը՝ ճանապարհ դեպի զբաղվածություն» թեմայով սեմինար, որը կազմակերպվել է Եվրոպայի կրթական հիկնադրամի Ֆրանսիայի գրասենյակի կողմից իրականացվող ԵՄ «Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար» ծրագրի հետ համատեղ։ Հիմնադրամը Եվրամիության գործակալություն է եւ տարիներ շարունակ խթանում է Հայաստանում մասնագիտական կրթության եւ ուսուցման համակարգի զարգացումը՝ համագործակցելով Հայաստանում ԵՄ պատվիրակության, պետական առանցքային կառույցների, սոցիալական գործընկեր կազմակերպությունների եւ ուսումնական հաստատությունների հետ։ ԵԿՀ կողմից իրականացված ծրագրերը վերաբերել են օրախնդիր այնպիսի թեմաներին, ինչպիսիք են որակը, ուսուցանողների ուսուցումը, ոչ ֆորմալ եւ ինֆորմալ ուսումնառության ճանաչումը, կարիերայի ուղղորդումը:

ՀՀ ԱԱՊ գործադիր տնօրեն Արայիկ Վարդանյանը, արժեւորելով ծրագրի կարեւորությունը, միաժամանակ նշեց Պալատի պատրաստակամությունը նման ծրագրերին աջակցելու գործում։ Հիմնադրամի պատասխանատու Գաբրիելա Պլատոնը եւ մյուս հյուրերը ոլորտի հայաստանյան մասնագետներին ներկայացրեցին եվրոպական փորձը։  Մասնագիտական կրթության հայաստանյան փորձի, խնդիրների ու հեռանկարի մասին ելույթներ ունեցան Երեւանի տարածաշրջանային պետական 2-րդ  քոլեջի տնօրեն Հրաչյա Գրիգորյանը, կրթօջախի խորհրդի նախագահ Կառլեն Հայրապետյանը, ՀՀ ԱԱՊ գործարար ուսումնական ծրագրերի ղեկավար Վահագն Հովհաննիսյանը եւ այլոք, ովքեր միանշանակ շեշտեցին, որ այդ ոլորտում դեռեւս անելիքներն ավելին են, քան արվածը։

Սեմինարի նպատակն է գնահատել, թե ինչպես են ՄԿՈՒ հաստատությունների կարիերայի կենտրոններն աջակցում գործնական ուսուցման կազմակերպմանը, եւ որքանով է դա արդյունավետ շրջանավարտների զբաղվածության ապահովման տեսանկյունից: Ընկերությունների, զբաղվածության կենտրոնների, արհմիությունների ներկայացուցիչները, քոլեջների խորհուրդների անդամները, տնօրեններն ու կարիերայի խորհրդատուները  քննարկեցին գործնական ուսուցման կազմակերպումը առավել արդյունավետ կազմակերպելու խնդիրները։