ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

ԱՊՀ պալատների ղեկավարների խորհրդի նիստը Երևանում

ԱՊՀ պալատների ղեկավարների խորհրդի նիստը Երևանում

2015թ. հոկտեմբերի 16–ի առավոտյան Ծիծեռնակաբերդում Եղեռնի հուշահամալիրին ծաղիկներ դնելուց հետո Կառավարության ընդունելությունների տան դահլիճում կայացավ ԱՊՀ անդամ երկրների առևտրաարդյունաբերական պալատների ղեկավարների խորհրդի հերթական նիստը «Համաշխարհային տնտեսության անկայունության պայմաններում ԱՊՀ անդամ երկրների առևտրաարդյունաբերական պալատների փոխգործակցության ուժեղացումը» թեմայով։ Նիստը նախագահում էր ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը։

«Մեր գլխավոր նպատակը մեր երկրների գործարար շրջանակների համար համագործակցության բարենպաստ դաշտի ստեղծումն է։ Մեր տեսադաշտում և մշտական քննարկումների առարկան հատկապես փոքր և միջին բիզնեսին աջակցելու, ցուցահանդեսա–տոնավաճառային գործի խթանման, ինֆորմացիոն միասնական համակարգի ձևավորման, համատեղ ինովացիայի զարգացման, բիզնես կադրերին ուսուցանելու և զորակցելու կարևորագույն խնդիրներն են, ինչը առավել հեշտ է լուծել համատեղ ջանքերով»,– իր ծավալուն և հանգամանալից ելույթում նշեց Մարտին Սարգսյանը։

Հայաստան ժամանած ԱՊՀ անդամ երկրների առևտրաարդյունաբերական պալատների ղեկավարները լիագումար նիսին հանդես եկան ելույթներով հիշյալ թեմայի շրջանակներում։ Նրանք կարևորեցին ու արժևորեցին Երևանյան հանդիպումը և երախտագիտություն հայտնեցին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատին և մասնավորապես Պալատի նախագահ Մարտին Սարգսյանին խորհրդի նիստը նարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար։ Անշուշտ երևանյան հանդիպումը մեր երկրի արտաքին տնտեսական կապերը ակտիվացնելու և ծավալելու ևս մեկ հնարավորություն կդառնա։ Ղեկավարների խորհուրդը լավագույններին պարգևատրեց «Ցուցահանդեսա–տոնավաճառային ակտիվ մասնակցության համար» դիպլոմով։

ԱՊՀ երկրների առևտրաարդյունաբերական պալատների ղեկավարների խորհուրդը ստեղծվել է դեռևս 2003 թվականին՝ Եվգենի Պրիմակովի գլխավորությամբ։ Առաջին նիստը կայացել է Ռուսաստանի Դաշնությունում նույն թվականին, իսկ երկրորդը՝ 2004 թվականին Հայաստանում։ Երևանյան հանդիպմանը որոշվեց, թե որ երկիրն է նախագահելու 2016 թվականի խորհրդի հերթական նիստին։

Բազմաբնույթ էր քննարկվող թեմաների շրջանակը՝ «Էլեկտրոնային առևտուրը» համակարգում  ԱՊՀ անդամ երկրների առևտրաարդյունաբերական պալատների կոոպերացիայի մասին, Ինտելեկտուալ սեփականության ոլորտում իրավունքների պաշտպանության մասին, Միջազգային առևտրային արբիտրաժի և ԱՊՀ անդամ երկրների միջև համագործակցության մեխանիզմի ներդրման մասին, 2016 թվականի համար պլանավորված ցուցահանդեսա – տոնավաճառային միջոցառումների հաստատում ԱՊՀ անդամ երկրների առևտրաարդյունաբերական պալատների ղեկավարների խորհրդի հովանու ներքո և այլն։

ԱՊՀ անդամ երկրների առևտրաարդյունաբերական պալատների ղեկավարների խորհրդի հերթական նիստից հետո կայացավ Եվրասիական Տնտեսական Միության առևտրաարդյունաբերական պալատների խորհրդատվական խորհրդի անդրանիկ նիստը, քննարկվեցին նոր տնտեսական հարաբերությունների պայմաններում օրախնդիր հարցեր։

ԱՊՀ անդամ երկրների առևտրաարդյունաբերական պալատների ղեկավարների գնահատմամբ Երևանյան հանդիպումը ոչ միայն բացառիկ էր ու տպավորիչ, այլև ակնկալիքներով հարուստ։