ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

«ՄԵՐԿՈՒՐԻ» – 2015

«ՄԵՐԿՈՒՐԻ» – 2015

   Հոկտեմբերի 23–ին Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում հանդիսավորությամբ կայացավ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի ավանդական «Մերկուրի» մրցանակաբաշխությունը, որին մասնակցեցին ՀՀ վարչապետը, Երևանի քաղաքապետը, նախարարներ, գործարարներ, հյուրեր։

   Հանդիսության բացմանը ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը մասնավորապես նշեց՝ «…Հենց կազմավորման օրվանից Պալատի ռազմավարության հիմնախնդիրը եղել է Հայաստանում գործարար մթնոլորտի ձևավորմանը և տնտեսական օրենսդրության կատարելագործմանը աջակցելը։ Քանի որ մեր օրերում տնտեսության զարգացման կարևորագույն գործոնը և բիզնեսի աշխարհագրության ծավալման նախապայմանը հատկապես հայրենական արտադրանքի արտահանումն է։ Բնականաբար  դա և միաժամանակ նաև արտերկրի կապիտալը Հայաստանի տնտեսության մեջ ներգրավելը պալատի մտահոգության ամենօրյա տեսադաշտում են։ Դա համակարգված և տևական գործ է, որի կարևոր հոգեբանական բաղադրիչներից մեկն էլ գործարարի հաջողություններն ու վաստակը ժամանակին գնահատելն է և հանրությանը ներկայացնելը։ Աշխատատեղ ստեղծող, երկիրը պահող և բարերարությամբ կարիքավորին զորակցող գործարարի նկատմամբ բոլորս հարգանքի ու երախտագիտության պարտքեր ունենք։ Դա է մեզ հիշեցնում հայոց բիզնեսի բոլոր ժամանակների արքա Ալեքսանդր Մանթաշյանցի դասը։։  Պալատի խորհուրդն ու նախագահությունը հենց այդ չափորոշիչով էլ ընտրությութունը կատարում են»։

   «Մերկուրի»–ն միջազգային մրցանակաբաշխություն է, կազմակերպում են աշխարհի բոլոր առևտրաարդյունաբերական պալատները։ Հայաստանում առաջին «ՄԵՐԿՈՒՐԻ» մրցանակաբաշխությունը կայացել է 2006 թվականին։ Օտարերկրյա գործիչներից առաջիններից մեկը ՌԴ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Եվգենի Պրիմակովն է արժանացել հայաստանյան «ՄԵՐԿՈՒՐԻ» մրցանակին։

   25 անվանակարգերում «ՄԵՐԿՈՒՐԻ» մրցանակ շնորհվեց տնտեսության բոլոր ոլորտների առաջավորներին, պարգևներ բիզնեսին զորակցող կազմակերպություններին և անհատներին։

   Մարտին Սարգսյանը գործարարին արժանիորեն գնահատելը  բնութագրեց որպես բիզնեսի բարոյականության ոսկե կանոններից մեկը՝ «Մարդկային քաղաքակրթության հազարամյա փորձը վկայում է, որ աշխատանքն ու վաստակը գնահատելը ամենից առաջ բարոյահոգեբանական գործոն է։ Իրոք որ՝ մեկ ազնիվ գնահատականը բազում գործերի ոգևորիչ խթան կարող է դառնալ։ Եթե մարդը արժանիորեն գնահատվում է իր երկրում, բնականաբար նա առավել սիրով ու ջերմությամբ կաշխատի, հոգեպես բավարարված կզգա իրեն, հստակ կձևավորի իր քաղաքացիական դիրքորոշումը։ Սա է «ՄԵՐԿՈՒՐԻ» մրցանակաբաշխության մարդկային ու բարոյական խրատականը»։

   Հանդիսության գեղարվեստական կազմակերպիչը «Շարմ հոլդինգ» ընկերությունն էր։