ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

Հայաստան-Իրան

Հայաստան-Իրան

Հունվարի 27-ին մայրաքաղաքի «Անի պլազա» հյուրանոցի «Նաիրի» սրահում կայացավ հայ-իրանական գործարար հանդիպում, որին իրանական կողմից մասնակցում էին Իրանի Իսլամական Հանրապետության «Արազ» ազատ տնտեսական գոտու գործադիր տնօրեն և տնօրենների խորհրդի նախագահ Մոհսեն Խադեմ Արաբ Բաղին, այլ պաշտոնական այրեր, գործարարներ: Իրանական կողմին հատկապես հետաքրքրում էր հայկական համանման ազատ տնտեսական գոտու ստեղծման և գործընկերության խնդիրը, որի լուծումով համագործակցությունը կծավալվի փոխշահավետ հեռանկարով:

«Մեր ապրանքաշրջանառությունը երկու երկրների միջև 2015 թվականի տվյալներով շուրջ 267 մլն դոլար է։ Ստեղծելով այս ազատ տնտեսական գոտիները՝ մենք ակնկալում ենք կամուրջ հանդիսանալ Իրանի և Ռուսաստանի գործարարների միջև։ Այդպիսով, Իրանի գործարարները հնարավորություն կունենան ազատ տնտեսական գոտու միջոցով մտնել մեծ եվրասիական շուկա, ինչպես նաև ԵԱՏՄ երկրները կկարողանան ազատ տնտեսական գոտու միջոցով մտնել Իրանի մեծ շուկա»,- նշեց  ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը։ 
Խոսելով համատեղ ընկերությունների ստեղծման և բիզնեսների ռիսկայնության մասին՝ պարոն Սարգսյանը հավելեց՝ «Մենք շատ ենք կարևորում առևտրաարդյունաբերական պալատին կից ստեղծված արբիտրաժային դատարանի դերը պայմանագրերի կնքման և հետագայում նաև պայմանագրերի ճիշտ իրականացման գործընթացում»։ 

Պարոն Մոհսեն Խադեմ Արաբ Բաղին հայկական կողմին առաջարկեց «Արազ» ազատ տնտեսական գոտում ունենալ տարածք, կառույց և ներկայացուցիչ համագործակցությունը առավել արդյունավետ իրականացնելու համար:

«Շատ մոտ ապագայում պլանավորում ենք սկսել այդ ամենը, ինչպես նաև վարչապետի հանձնարարականով պետք է արագացվի Մեղրիում ազատ տնտեսական գոտու ստեղծման գործընթացը։ Բանակցություններ կվարվեն ազատ գոտու հիմնման հետ կապված ֆինանսական միջոցների ներգրավման շուրջ»։

Քննարկվեցին նաև հայ-իրանական գործացության բազմաթիվ հարցեր: