ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏ

Facebook

Twitter

Linkedin

Youtube

Search
 

Հայաստան – Սիրիա

Հայաստան – Սիրիա

Ապրիլի 11-ին Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության Գործերի ժամանակավոր հավատարմատար Իսսամ Նայալը հանդիպում ունեցավ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանի հետ: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի աշխատակազմի ղեկավար Արայիկ Վարդանյանը, գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը և Հայ-սիրիական բարեկամության կազմակերպության համանախագահ Լևոն Զաքին:

Պարոն Իսսամ Նայալը գոհունակությամբ նշեց, որ Սիրիան ընդամենը վեց երկրների շարքում Հայաստանը համարում է իր բարեկամ երկիրը, և անհրաժեշտություն կա, որ հայ մասնագետներն ու շինարարները մասնակից դառնան պատերազմական գործողություններից ավերված սիրիական բնակավայրերի վերականգնմանը:

Պարոն Մարտին Սարգսյանը երախտագիտությամբ նշեց Հայաստանի նկատմամբ սիրիական ժողովրդի բարեկամական գնահատանքն ու ջերմությունը՝ «Մենք զորակցություն ենք հայտնում Սիրիայի հինավուրց ու խաղաղասեր ժողովրդին, որը հայոց մեծ արհավիրքի տարիներին եղբայրաբար ընդունեց տասնայակ հազարավոր հայ գաղթականներին, ջերմությամբ շրջապատեց, ապահով անկյուն ու աշխատանք տվեց: Մեր հայրենակիցները դարձան Սիրիայի արժանավոր քաղաքացիներ և սեփական ուժն ու եղանդը ներդրեցին իրենց երկրորդ հայրենիքը ծաղկեցնելու գործին: Չարի ձեռքը այսօր հինավուրց Սիրիայի բազմաթիվ բնակավայրեր ավերեց, և մեր եղբայրական պարտքն է լինել Սիրիայի ժողովրդի կողքին, մասմակցել երկրի վերականգնման աշխատանքներին»:

Պարոն Մարտին Սարգսյանը սիրիացի դիվանագետին հավաստիացրեց, որ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը հնարավորինս ամեն ինչ կանի, որ հայաստանցի գործարարը, մասնագետն ու շինարարը արժանապատվորեն զորակցի այդ կարևորագույն գործին:

Պարոն Իսսամ Նայալը երախտագիտություն հայտնեց պարոն Մարտին Սարգսյանին ջերմ ընդունելության և Սիրիայի վերականգնման գործում Պալատի պատրաստակամության համար: