«Ուժեղ պալատներ և ասոցիացիաներ՝ շահերի ուժեղ պաշտպաններ» ծրագրի մեկնարկ
Մայիսի 19-ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատում կայացավ Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի (CIPE) «Ուժեղ պալատներ և ասոցիացիաներ՝ շահերի ուժեղ պաշտպաններ» ծրագրի մեկնարկ: Եվրոպայում և Եվրասիայում CIPE-ի ծրագրերի պատասխանատու Էլիզաբեթ Լենց Ջեդվաբը ողջույնի խոսքում ներկայացրեց CIPE-ի գործունեությունը և առցանց միացած մենթորների թիմի անդամներին: Այնուհետև մենթորները (մասնագետները ) ողջունեցին հյուրերին և իրենց կածիքներն արտահայտեցին ծրագրի հետագա ընթացքի վերաբերյալ:
Մասնակից շուրջ մեկուկես տասնյակ պալատների և ասոցիացիաների ներկայացուցիչները հակիրճ ներկայացրեցին իրենց կազմակերպությունների գործունեության առաքելությունը: Ծրագրերի Հայաստանյան պատասխանատու Լուիզա Այվազյանը ներկայացրեց ժամանակացույցը և առանձին դետալներ շահառուների համար:
ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործառույթները և բիզնեսի շահերի պաշտպանության գործում նրա դերը ներկայացրեց ՀՀ ԱԱՊ գործառնական տնօրեն Վլադիմիր Ամիրյանը:
CIPE-ը նախատեսում է փորձագետների կողմից կազմակերպվող սեմինարներ և աշխատաժողովներ, ինչպես նաև պատրաստ է տրամադրել անհատական փորձագիտական խորհրդատվություն և փոքր դրամաշնորհներ հայկական բիզնես անդամության վրա հիմնված այն կազմակերպություններին, որոնք ձգտում են բարելավել իրենց կազմակերպական կարողությունները: Նշվեց, որ մասնակից ասոցիացիաները և պալատները կստանան թիրախավորված աջակցություն իրենց նախընտրած ոլորտներում, ինչպիսիք են ռազմավարական պլանավորումը, անդամակցության զարգացումը, առաջարկվող ծառայությունները, ֆինանսական կայունությունը, շահերի պաշտպանությունը կամ հաղորդակցությունը :
Նախնական գնահատումներից հետո CIPE-ը կկազմակերպի փորձի փոխանակման եզրափակիչ հանդիպում մասնակից պալատների և ասոցիացիաների համար: Ծրագրի ավարտին CIPE-ը կանցկացնի ավարտական գնահատում կարողությունների զարգացման ծրագրի արդյունքները գնահատելու համար: